Մեր Մասին

Պարի և սպորտային պարերի համահայկական խորհուրդ

185618_113759062033138_2762692_nՊարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը հիմնադրվել է 2003 թվականին և ստեղծման օրվանից սերտորեն համագործակցում է Պարի Համաշխարհային Խորհրդի հետ, ինչը նշանակում է, որ Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը գործում է Համաշխարհային Խորհրդի կանոնադրության համաձայն և ունի ստանձնած պարտականություններ: Սակայն ՊՍՊՀԽ-ը կազմել է նաև իր սեփական կանոնադրությունը, որը համապատասխանում է համաշխարհային խորհրդի պահանջներին: ՊՍՊՀԽ-ը Հայաստանում Պարի համաշխարհային խորհրդի պաշտոնական առաջնությունների կազմակերպման բացառիկ իրավասուն է:

2Ամեն տարի մայիսի վերջին Անգլիայի Բլեքփուլ քաղաքում Պարի համաշխարհային խորհուրդը կազմակերպում է վեհաժողով և սեմինարներ և անցկացվում է սպորտային պարերի բլեքփուլյան աշխարհի գավաթի փառատոնը: 2003 թվականին բլեքփուլյան վեհաժողովի ժամանակ քննարկվելիք հարցերի շարքում էր նաև Հայաստանի` համաշխարհային խորհրդի անդամ դառնալու հարցը: Քվեարկության իրավունք ունեցող 60 երկրների ներկայացուցիչները առանց վարանելու իրենց ձայնը տվեցին Հայաստանի օգտին: Անցնելով անդամակցության 8 երկարուձիգ տարիներ` 2012թ. Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդը դարձավ Պարի համաշխարհային խորհրդի լիիրավ անդամ:

Պարի համաշխարհային խորհրդի անդամ լինելը հնարավորություն է տալիս Հայաստանում անցկացնել միջազգային մրցումներ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններ, վարկանիշային մրցումներ:

ՀՀ-ում միայն Պարի և սպորտային պարերի համահայկական խորհուրդը իրավունք ունի պարողներին (պրոֆեսիոնալ պարող), պարուսույցներին (միջազգային կարգի մրցավար) և պարային դպրոցներին շնորհել Պարի համաշխարհային խորհրդի հավաստագրեր, ինչպես նաև Հայաստանում անցկացնել Եվրոպայի, աշխարհի պաշտոնական մրցումներ և առաջնություններ:

Մեր խորհրդի պահանջներից մեկն էլ այն է, որ մարզական պարերը չկենտրոնանան միայն մայրաքաղաքում, այլ հավասարաչափ զարգանան նաև հանրապետության ողջ տարածքում: Այսօր բացի Երևանից խմբեր կան նաև Գյումրիում, Աբովյանում, Վանաձորում, Սիսիանում, Էջմիածնում և այլ քաղաքներում, որոնք մշտապես գտնվում են Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհուրդի նախագահ Մարիաննա Մամյանի ուշադրության կենտրոնում:

534704_350066105074354_1242780790_nՀարկ է նշել, որ 2007 թվականի մայիսի 3-ին կազմակերպվեց և բարձր մակարդակով անցկացվեց Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհրդի բաց առաջնությունը, որին մասնակցեցին ՌԴ-ից, Ուկրաինայից, Վրաստանից հրավիրված լավագույն պարային զույգերը: Այս առաջնությանը ներկա էր նաև Պարի համաշխարհային խորհրդի փոխնախագահ, գլխավոր քարտուղար Ստյուարտ Սաունտերսը, Վրաստանի սպորտային պարերի ազգային խորհրդի նախագահ Ռոման Արչաիան, Լիբանանի պարային ասոցիացիայի նախագահ Խաչիկ Թորգոմյանը: Ներկա էին շուրջ 110 զույգեր և՛ Հայաստանից, և՛ արտերկրից: Հիշարժան էր Մադրիդի բալետի և թատրոնի մենակատարներ (ֆլամենկո) Մարիա Սպետափի և Խուան Կառլոսի ելույթը, ովքեր շլացրեցին հանդիսականներին:

2009 հուլիսի 4-5-ը «Վերածնված Գյումրի» խորագրով սպորտային պարերի միջազգային բաց առաջնություն կազմակերպեց Գյումրի քաղաքում Պարի և Սպորտային Պարերի Համահայկական Խորհրդի կողմից: Այս առաջնությանը ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Իսրայելի և Մոլդովայի պարային զույգերը: Առաջնության պատվավոր հյուրն էր Ռուսաստանի Սպորտային պարերի միության նախագահ պարոն Ստանիսլավ Պոպովը:

Ի դեպ համահայկական խաղերի կազմկոմիտեն իր վերջին համաժողովում միաձայն որոշեց սպորտային պարերը ընդգրկել 2015 թ.-ի խաղերի ծրագրում, իսկ կազմակերպչական առաջնորդությունը վստահվեց համահայկական խորհրդին` Մարիաննա Մամյանի նախագահությամբ: